Վարդանը տեղեկանում է, որ անշարժ գույքով զբաղվելու համար պետք է գրական հայերենի ատեստացիա հանձնի, հակառակ դեպքում կկորցնի աշխատանքը և չի կարողանա վճարել Նոնայի ալիմենտներն ու տան ծախսերը։ Նույն ժամանակ Արամիկի դպրոցում հայտարարվում է «Գրական հայերենի շաբաթ», և Սեդան փորձում է նրան սովորեցնել մաքուր հայերենով խոսել։ Արկադին հանձն է առնում Վարդանին արագացված դասընթացներով պատրաստել քննությանը՝ տան իրերի վրա գրական անվանումներով թղթեր փակցնելով և բոլորին ստիպելով խոսել գրական հայերենով։ Ջեմման, Արկադին և Վարդանը ծիծաղելիորեն չափազանցված գրական լեզվով են շփվում, իսկ Կարլեն Կարլենիչը պատշգամբից կրկին խառնվում է նրանց լեզվական փորձերին։ Երկար փնտրտուքից հետո նրանք պարզում են, որ տան մի առարկան գրական հայերենով կոչվում է «գոգաթիակ»։ Վարդանը վերջում հաջողությամբ հանձնում է քննությունը, սակայն այնքան է տարվել գրական խոսքով, որ իրեն այլևս նախկին Վարդանը չի զգում, մինչև Արկադին փորձում է նրան վերադարձնել իր սովորական վարքագծին։
