Արկադին վերադառնում է Վարդանի տուն և իմանում, որ Վարդանը մեկնել է Ամերիկա ու տունը գույքի հետ միասին վաճառել է Գեորգի Միրզոյանին՝ պայմանագրում փաստորեն «ներառելով» նաև իրեն։ Գեորգին իրեն ներկայացնում է որպես Ամերիկայի քաղաքացի հոգեբան և պնդում, որ Արկադին իր սեփականությունն է, ինչից տանը մեծ վեճ է սկսվում։ Սեդան, որը Գեորգիի հետ հոգեվերլուծական սեանսներ է անցել, անփույթ է վերաբերվում Արկադիի բանտից վերադարձին և նույնիսկ չի հետաքրքրվում նրա ապրումներով։ Տուն է գալիս Մոնիկան՝ փոքրիկ Մայիսի հետ, հայտարարելով, որ երեխան Վարդանի որդին է, և որոշում է մեկնել Կանադա՝ երեխային թողնելով Արկադիի խնամքին։ Արկադին սկզբում հրաժարվում է, բայց երբ Մոնիկան սպառնում է երեխային որբանոց տանել, համաձայնում է պահել եղբոր ենթադրյալ որդուն։ Զուգահեռաբար Հալալն ու Զուլալը հայտնվում են հերթական անհեթեթ պատմության մեջ․ Հալալը սուպերմարկետում հարբած վիճակում գարեջրի շշեր է ջարդում, իսկ Կարլեն Կարլենիչը օգնում է նրանց՝ փոխարենը տարօրինակ պայման դնելով։
